Մենք գրեթե միշտ սպառում եք այն տեղեկատվությունը, որը տեղավորվում է մեր աշխարահայացքի մեջ: Ավելին՝ տեղեկատվություն սպառելիս մենք միշտ կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք ապացուցում են մեր պատկերացումների ճշմարտացիությունը։ Ուստի միշտ հարցնենք ինքներս մեզ՝ «իսկ որտեղի՞ց ես սա գիտեմ, որտեղի՞ց ինձ այս պատկերացումները»:
Ժամանակակից աշխարհում ապատեղեկատվությունը ոչ այնքան մեզ խաբելու վրա է աշխատում, (թեև, անշուշտ, նաև դրա), որքան երևույթները մեր գիտակցության մեջ որոշակի լույսի ներքո տեղավորելու: Մեր սպառած ցանկացած հաղորդագրություն ունի հեղինակ: Միշտ հարցրեք ինքներդ Ձեզ՝ «Բացի ինձնից էլ ո՞ւմ և ինչի՞ համար է պետք, որ ես կարծեմ հենց այսպես»:
Առաջին բանը, որ պետք է անել կասկածելի տեղեկատվության հանդիպելիս, այն այլ աղբյուրներում փնտրելն է։ Պետք է պարզապես «գուգլել» (google.am) կասկածելի թվացած հրապարակման վերնագիրն ու տեսնել՝ ինչ է բերում։ Եթե այլ կայքերում նման տեղեկատվություն չկա, ուրեմն մեծ հավանականությամբ իսկապես ինչ-որ բան այն չէ:
2. Ստուգեք վաղեմությունը
Շատ հաճախ մանիպուլյացիան տեղի է ունենում հատուկ այդ նպատակով ստեղծված կայքերի միջոցով։ Քանի որ այդ կայքերը հենց մանիպուլյացիայի նպատակով են ստեղծվում եւ երկարաժամկետ աշխատանքի հավակնություն չունեն, պետք է գտնել կայքում արված առաջին հրապարակումը։ Եթե խոսքը լրատվական կայքերի մասին է, ապա հրապարակումների ամբողջական ցանկը սովորաբար զետեղվում է «Լրահոս», «Բոլոր Լուրերը», «Վերջին լուրեր» և նման խորագրերի ներքո:
Բացում ենք հրապարակումների ամբողջական ցանկը և «սքրոլ-դաուն» անում մինչև վերջ՝ իջնում կամ հետ-հետ գնում այնքան, մինչև ցանկը չավարտվի: Եթե պարզվում է, որ առաջին հրապարակումը, ասենք, մի քանի ամիս առաջ է արվել, ուրեմն մեծ հավանականությամբ գործ ունենք այդպիսի ռեսուրսի հետ:
Նման կայքերը հաճախ ունենում են տարօրինակ անվանումներ և աշխատում են արտասովոր դոմեյններով: «.am» կամ «.com» ավանդական վերջավորության փոխարեն հաճախ լինում է «.info» «.xyz», «.biz», «.news» և այլ ոչ տիպիկ վերջավորություն: Օրինակ՝ breackingnews.xyz, ndependent-24h.info, 24h-news.site և այլն: Այս երեք կայքերն էլ ժամանակին գոյություն ունեցած, ապա բացահայտված և չեզոքացված կեղծ լրատվական ռեսուրսներ են:
Հաճախ կեղծ կայքերը գրանցվում են արժանահավատ, հեղինակավոր կազմակերպությունների անվանումների նմանությամբ: Օրինակ՝ usa-radio.com, abcnews.com.co, theguardıan.com, CNNNews.com.co: Թվարկված ռեսուրսները ժամանակին իսկապես գոյություն են ունեցել ու կեղծ տեղեկատվություն են տարածել հեղինակավոր լրատվամիջոցների անվանումների տակ քողարկվելով:
Անուն կեղծելով զեղծարարությամբ զբաղվելու հայկական ամենավառ օրինակը, թերևս, Հայաստան Համահայկական Հիմնադրամի կեղծ կայքն էր, որի միջոցով 2020 թվականին մարդկանցից փորձում էին գումար հավաքել: Հիմնադրամի կայքի հասցեն՝ https://www.himnadram.org/en, իսկ կեղծ կայքինը՝ https://himnadramfund.org/en/ (ներկայում ակտիվ չէ):
3. Ստուգեք լուսանկարը
Ստուգեք կասկածելի թվացած լուսանկարներն ու այլ պատկերները: Գուցե Ձեզ անհանգստացրած հրապարակման մեջ որպես ապացույց բերվող լուսանկարը արվել է միանգամայն այլ վայրում և ժամանակահատվածում: Ամենապարզ գործիքները https://images.google.com/ -ն ու Google lens-n են․
ԿԱՄ
4. Ստուգեք հեղինակին
Եթե հրապարակումն անանուն չէ, «գուգլեք» Ձեզ կասկածելի թվացած հրապարակման հեղինակին կամ կայքի պատասխանատուին։ Երբեմն պարզագույն այս գործողությունը անհավանականորեն արդյունավետ է և կարող է հիշեցնել, թե ինչով է այս կամ այն դերակատարը զբաղվել տարիներ առաջ, ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել և այլն:
Ապատեղեկատվության, մանիպուլյացիայի, կասկածելի ապրանքների ու ծառայությունների տարածման հիմնական գործիքը սոցցանցերի կեղծ օգտահաշիվներն են՝ «ֆեյքերը»:
Այս էջն, օրինակ, գրանցվել է բոլորովին վերջերս: Հիմնականում այն օգտագործվում է կասկածելի ծագման կոսմետիկ միջոցներ վաճառելու համար, բայց գործածվում է նաև քաղաքական գործիչներից մեկի հետ կապված բովանդակությունն առաջխաղացնելու նպատակով: Որքան շատ է «լայքվում» ֆեյսբուքյան այս կամ այն գրառումն, այնքան ավելի շատ է այն ցուցադրվում և տարածվում: Այս «ֆեյքի» խնդիրը կոսմետիկա վաճառելուց բացի «լայքերի» միջոցով քաղաքական որոշակի բովանդակություն առաջխաղացնելն է:
Սոցցանցերը պայքարում են «ֆեյքերի» դեմ, պարբերաբար հայտնաբերում են դրանք և փակում։ Ուստի դրանց մեծամասնության առավելագույն տարիքը 3-4 տարին չի գերազանցում: Հավաստանշելու ամենապարզ ձևը՝ օգտահաշվի հիմնական լուսանկարի տեղադրման ամսաթիվը ստուգելն է։ Սեղմում ենք հիմնական նկարը և ստուգում վերբեռնման ամսաթիվը:
Հազվադեպ, բայց հանդիպում են նաև առավել վարպետորեն ստեղծված կեղծ օգտահաշիվներ։ Դրանք հավաստանշելն ավելի բարդ է, ժամանակատար ու ենթադրում է տարածվող բովանդակության ավելի հետևողական և բծախնդիր վերլուծություն:
Դրանք էլ քաղաքական նպատակներից զատ օգտագործվում են ցանցում ինչ-ինչ ծառայություններ առաջխաղացնելու համար՝ կասկածելի դեղամիջոցներ, անհասկանալի ապրանքներ ու ցանցային առևտրի հարթակներ, ներդրումներ ընդունող կեղծ կայքեր և այլն:
Ամենաթարմ օրինակը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (նախկին ԴԱՀԿ) կեղծ օգտահաշիվն էր, որն ակնհայտորեն գրանցվել էր մարդկանց մոլորեցնելու միջոցով գումար կորզելու նպատակով: Որպեսզի սոցցանցի ավտոմատ համակարգը համընկնումը հնարավորինս ուշ նկատի, և «ֆեյքը» հնարավորինս երկար կյանք ունենա, օգտահաշիվը գրանցելիս հանցագործները «ծառայություն» բառը գրել էին «Ր»-ով՝ «ծաՐայություն»:
Նվազագույնը, ինչ կարող է տեղի ունենալ այդպիսի էջերի տարածած հղումներով անցնելիս, վիրուս կամ վնասակար այլ ծրագիր ստանալն է, իսկ երբեմն էլ խարդախության զոհ դառնալը՝ գումար, գաղտնաբառ, անձնական տվյալներ կորցնելը:
Բազմաթիվ օգտատերեր նման դեպքերում փորձում են կողմնորոշվել այլ օգտատերերի թողած մեկնաբանություններով: Վատ տարբերակ չէ, բայց պետք է ուշադիր լինել, որովհետև «քոմենթները» նույնպես խմբագրվում են՝ անցանկալիները ջնջվում, փոխարենն ավելացվում ցանկալիները:
Ինչպե՞ս տարբերակել իսկապես բարեխիղճ հարթակները, աղբյուրներն ու լրատվամիջոցները։ Նախ այդպիսի ռեսուրսները սովորաբար տարիների պատմություն ունեն և այդտեղ կարելի է գտնել առնվազն մի քանի տարվա վաղեմության նյութեր։ Դրանք երբեք չեն թաքնվում: Կայքում կա առնվազն հետադարձ կապի հեռախոսահամար, որով կարելի է զանգել և Ձեզ կասկածելի թվացած, հոդվածի, գովազդի, ապրանքի վերաբերյալ տալ Ձեզ հուզող հարցերն ու առաջնորդվել այդ զրույցից ստացված տպավորություններով: Թեև այստեղ էլ պետք զգույշ լինել:
Ինչ վերաբերում է բարեխիղճ լրատվամիջոցներին, ապա դրանց կայքերում հեռախոսահամարից զատ լինում են նաև տեղեկություններ գլխավոր խմբագրի ու անգամ լրատվամիջոցի որդեգրած Էթիկական վարքականոնի և ֆինանսավորման աղբյուրների մասին: Որքան կայքն ավելի թափանցիկ է ու հաշվետվողական, այնքան ավելի վստահելի:
Կասկածելի թվացած հրապարակման աղբյուրը կարելի ստուգել "who.is" կամ համանման համակարգի միջոցով: Այդտեղ պահվում են տեղեկություններ կայքը գրանցած մարդու կամ կազմակերպության մասին։ Մտնում ենք "who.is", որոնման տողում լրացնում կայքի հասցեն և սեղմում «փնտրել» կոճակը: Մեծ հավանականությամբ այնտեղ կգտնեք կազմակերպության հասցեն, հեռախոսահամարը և տեխնիկական պատասխանատուին, ում կարելի է փորձել նաև սոցցանցերում գտնել, ապա իր միջոցով նաև կազմակերպության այլ աշխատակիցներին։ Եթե կայքը գրանցած մարդիկ կամ կազմակերպությունն իրենց տվյալները գաղտնի են պահում (տեխնիկապես այդպիսի հնարավորության կա), դա այդ կայքին, կայքում հրապարակված լուրերին, ծառայություններին և ապրանքներին զգուշավորությամբ վերաբերվելու ևս մեկ կարևոր ազդակ է։
Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք շարունակել որոնումը, փորձեք համացանցի «քեշերի» մեջ փնտրել։ Եթե ի սկզբանե կայքը գրանցած անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց էին և միայն հետո են փակվել, բացառված չէ, որ համացանցը դա հիշած ու պահպանած լինի։ «Քեշ» (cache) բազաներում պահվում է կայքերի տեսքն ու բովանդակությունն այնպես, ինչպես եղել է անցյալում։ Այդպիսի բազաներից թերևս ամենաօգտագործվողը՝ web.archive.org-ն է:
Դիցուք, ուսումնասիրվող կայքի տվյալները who.is ում փակ են:
Հարկ է նշել, որ ուսումնասիրվող էջը վերցվել է զուտ որպես տեխնիկական օրինակ: Թեև այդ էջի գրանցման տվյալները ՛՛who.is՛՛-ում փակ են, սակայն հրապարակված են հենց բուն կայքում, և օրինակ բերված կայքն այս գործիքակազմում որևէ կերպ չի դիտարկվում իբրև անհուսալի աղբյուր:
Եթե նախորդ գործիքի միջոցով հաջողվեց գտնել կայքը գրանցած անձի կամ կազմակերպության տվյալները, շարունակեք որոնումը պետական ռեգիստրներում։ Հայաստանի ռեգիստրը www.e-register.am-ն է: Այստեղ կարելի է գտնել տվյալներ կազմակերպությունների սեփականատերերի և ղեկավարների մասին, և հակառակը՝ այն կազմակերպությունների մասին, որոնցում Ձեզ հետաքրքրող անձը հիմնադիր է կամ ղեկավար։ Այսպիսի ռեգիստրներ կան աշխարհի բոլոր երկրներում: Եթե կայքն արտասահմանից է գրանցված, պետք է գտնել համապատասխան երկրի ռեգիստրը և փնտրել այնտեղ:
Եթե հետաքրքիր որևէ բան չգտնեք, փորձեք հասկանալ Ձեզ հետաքրքրած անձի կամ կազմակերպության փոխկապակցվածությունները։ Գուցե Ձեզ անհանգստացրած հրապարակման հիմքում ոչ թե հենց հեղինակի, այլ նրա մերձավորների գործերն ու շրջապատն է։ Գուցե կայքում տրված հասցեում կան գրանցված մարդիկ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի elections.am-ի՝ ընտրողների ռեգիստրի միջոցով գտեք հայտնաբերված հասցեում գրանցված մարդկանց, կամ որոնեք ըստ անձի, որպեսզի գտնեք հասցեն:
Եթե կա հեռախոսահամար «գուգլեք» այն, կամ ստուգեք տելեգրամի, վայբերի և այլ մեսենջերների մեջ։ Արդյունքները երբեմն շատ հետաքրքիր են լինում։ Բացառված չէ, որ հեռախոսահամարը որևէ այլ կազմակերպության կամ անձի հեռախոսահամարի հետ համընկնի:
Եթե խոսքը լուրերի մասին է, ցավոք, հաճախ մանիպուլյացիա և կիսաճշմարտություն տարածում են նաև պատմություն ունեցող լրատվամիջոցները։ Եթե Ձեզ համար կասկածելի բովանդակություն այդպիսի լրատվամիջոցում եք հանդիպել, կրկին արժե մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրել վերջին շրջանի հրապարակումները: Բացառված չէ, որ Ձեզ անհանգստացրած հաղորդագրությունն այդ լրատվամիջոցի վերջին շրջանի դիրքորոշումն է։ Բոլոր նյութերը կարդալ պետք չէ։ Ավելի հեշտ է ուսումնասիրել խմբագրության վիդեոարտադրանքը։ Ամեն կայք օրական շուրջ հարյուր լուր ու հոդված է թողարկում: Իսկ վիդեոները ամեն օր երկուսը կամ երեքն են, ու վիդեոներով կողմնորոշվելը պարզապես ավելի հեշտ է։ Ուղղակի տեսեք, թե ում է այս կամ այն խմբագրությունն առավել հաճախ հյուր հրավիրում և խոսափող տրամադրում։
Ու երբեք, երբեք, երբեք մի տարածեք այն հրապարակումները, նյութերը, հոդվածները, տեղեկությունները, որոնց բովանդակությունը կամ աղբյուրը Ձեզ կասկածելի է թվացել: Ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի հիմնական վնասը ոչ այդքան բուն հոդվածն է առաջացնում, որքան դրա վիրուսային տարածումը: Այդպիսի հրապարակումներ տարածելիս Դուք պատկերացում չունեք, թե ում խաղն եք խաղում, նույնիսկ այն դեպքում, երբ տարածվող հրապարակման ասելիքը լիովին համընկնում է Ձեր պատկերացումների հետ, ավելին՝ հաստատում է դրանց ճշմարտացիությունը: