Ամոքիչ արհեստանոց
16 Մայիսի 2024, Հինգշաբթի |
.jpg)
«Քան» ակադեմիայի անվճար հայալեզու հարթակի հարուստ կրթական շտեմարանն այժմ կարող են կիրառել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 52 դպրոց, 90 ուսուցիչ և 313 աշակերտ։ Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզերի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։
Աշխատարանները կազմակերպվել էին NEF-ի (Near East Foundation) կողմից իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում՝ որպես «Քան» ակադեմիայի նախաձեռնության մաս։ Դրանք նպատակ ունեին ինքնակրթության և հիբրիդային կրթության ժամանակակից միջոցներով զինելու մարզերի ուսուցիչներին և աշակերտներին։
Այս նախաձեռնության երկրորդ նպատակն է մինչև ուսումնական տարվա ավարտ հարստացնել «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակը բնագիտամաթեմատիկական նոր նյութերով և տեսադասերով՝ հասանելի դարձնելով դրանք ողջ հանրությանը։
Աշխատարանների ծրագրի ամփոփումը կատարվեց երկու միջոցառմամբ, որոնք տեղի ունեցան Էջմիածնի «Էորնեկյան» դպրոցում և Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Յուրաքանչյուր մարզից 3 ուսուցչի շնորհվեց «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցչի կոչում՝ հնարավորություն տալով իրենց ակտիվությամբ աչքի ընկած մասնագետներին սեփական փորձը ներկայացնելու համայնքներում։ Բացի վերապատրաստող դասընթացներից՝ նաև կազմակերպվել էր աշակերտական մեկամսյա մրցույթ՝ երեխաներին թույլ տալով սովորել և չափելի դարձնել իրենց գիտելիքի աճը։ Արմավիրի մարզում լավագույնը ճանաչվեց Վաղարշապատի Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի սան Գալինա Ջահինյանը՝ 2 417 950 միավորով:
Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի սան Մարի Ղարիբյանը, որ հավաքել էր 10 050 390 միավոր։ Սա լավագույն ցուցանիշն է «Քան» ակադեմիայի աշակերտական մրցույթների բոլոր մասնակիցների շրջանում։
Ըստ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի՝ մարզի դպրոցներն առաջին անգամ են մասնակցում «Քան» ակադեմիայի մարզային աշխատարաններին. «Ուրախ եմ նման արդյունքի համար։ Արդյունավետ ու որակյալ կրթությունն ամենակարևորն է։ Հույս ունեմ՝ ծրագրի բոլոր մասնակիցներն իրենք էլ կտարածեն կրթական նման ռեսուրսների և հնարավորությունների մասին իրենց իմացածը»։
Աղբյուրը՝ https://rb.gy/xoxdz