Ամոքիչ արհեստանոց

Ամոքիչ արհեստանոց

«Ամոքիչ արհեստանոց» ծրագիրն իրականացրել է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն STRIVE ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում։

Ծրագրի անվանումը պատահական չի ընտրվել, քանի որ այն նպատակ ուներ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրենց տներից բռնի տեղահանված 10 կանանց համար անցկացնել կար ու ձևի դասընթաց, որպեսզի նրանք կարողանան նորից աշխատել, օգնել իրենց ընտանիքներին, և դրանով ամոքեն իրենց իսկ կորստի խորը ցավը:

Ծրագրի բոլոր շահառուները տարբեր տարիքի կանայք էին։ Նրանցից ոմանք նոր էին մայրացել, ոմանք էլ պատրաստվում էին թոռների լույս աշխարհ գալուն։ Սակայն նրանք բոլորը համախմբված էին մեկ ցանկությամբ՝ մեկ օր առաջ կարողանալ իրենց աշխատանքով թեթևացնել ընտանիքի բեռը։ 

Նախագծի փակման արարողությանը նրանց աչքերն արդեն լցվել էին հույսով, իսկ մատները հմտորեն աշխատում էին կարի մեքենայի ու գործվածքների հետ։ Բացի կար ու ձևի գիտելիքներից ու հմտություններից, ծրագրի շրջանակներում նրանցից յուրաքանչյուրն ստացել է նաև կարի մեքենա և մասնագիտական այլ անհրաժեշտ պարագաների փաթեթ։

«Մեզ համար չափազանց կարևոր էր «Ամոքիչ արհեստանոց»-ը: Այս նախագիծը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելու և դրա միջոցով եկամուտ ստանալու, այլև զգացինք, որ սա մեր տունն է, որտեղ մեզ սիրում են, որտեղ խաղաղ ենք ապրելու»,- ծրագրի փակման միջոցառման կապակցությամբ իր շնորհակալական խոսքում ասաց շահառուներից մեկը։

«STRIVE» ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
 


16 Մայիսի 2024, Հինգշաբթի | 916

Վերջին հրապարակումները