Ամոքիչ արհեստանոց
16 Մայիսի 2024, Հինգշաբթի |
Լևոնը մեկն էր «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների կարողությունների զարգացում և վերջիններիս զբաղվածության խթանում» ծրագրի վեց շահառուներից։ Ծրագիրն իրականացվում էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության (EREO) կողմից STRIVE ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում ստացած աջակցությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից բռնի տեղահանվելուց հետո Լևոնը բնակություն է հաստատել Հայաստանի Լոռու մարզի Գուգարք գյուղում։ Նա այս ծրագրի միակ շահառուն էր, ով չուներ ընտանիք և ապրում էր միայնակ:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Գուգարքի տեղական իշխանությունները նրան ուղղորդեցին այս նախագիծ։ Չնայած ձեռքի լուրջ հաշմանդամությանը՝ Լևոնը փայտից և գիպսից արձանիկներ էր պատրաստում։ Լևոնի աշխատասիրությունն ու անկոտրում ոգին ոգևորեցին նաև ծրագրի մյուս շահառուներին, ովքեր նոր մասնագիտություն էին սովորում՝ հաճախելով դիմահարդարման և խոհարարության դասընթացներին։
Ի տարբերություն նրանց՝ Լևոնն արդեն ուներ փայտագործության և ծեփագործության բոլոր հմտությունները։ Սակայն հարկադրված տեղահանվելով իր տնից՝ նա թողել էր իր ողջ նյութերն ու գործիքները: Օրվա հացը վաստակելու համար EREO-ն այս ծրագրի շրջանակներում օգնեց Լևոնին՝ տրամադրելով իր արհեստը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումները, գործիքներն ու նյութերը։
Նախագծի փակման միջոցառմանը Լևոնն ունեցավ իր աշխատանքների առաջին փոքրիկ ցուցահանդեսը Հայաստանում։ Թեև կարոտ դեռևս նրա աչքերում է, բայց մենք հույս ունենք, որ ծրագիրը խթան կհանդիսանա նրա և մյուս բոլոր շահառուների համար՝ հնարավորություն տալով զբաղվել իրենց սիրելի գործով, լուծել զբաղվածության հարցը և հոգալ իրենց կարիքները։
«STRIVE» ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: