Տեղական ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների հզորացման ֆինանսավորման մեկնարկ

Տեղական ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների հզորացման ֆինանսավորման մեկնարկ

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի՝ «Կազմակերպական մոդելների ինովացիա» (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակներում հայաստանյան 36 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշակած ԿՄԻ պլանների իրականացման մեկնարկի միջոցառումը։

«STRIVE» ծրագրի նպատակն է բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները՝ հնարավորություն տալով առանցքային դեր ունենալ իրազեկման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Տարեսկզբին «STRIVE»-ի շրջանակներում Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվեցին Մենթորային ցիկլեր, որոնց նպատակն էր հզորացնել մասնակից ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները: 

Մենթորային ցիկլերը ներառեցին ԿՄԻ-ին վերաբերող դասընթացներ, ինչպես նաև կազմակերպությունների կարողությունների բարելավման պլանների մշակման վերաբերյալ ուղղորդումներ։ Նշված գործողություններն իրականացվեցին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում, և դրանց մասնակցեց շուրջ 268 ներկայացուցիչ հայաստանյան 96 ՔՀԿ-ներից։ Արդյունքում ՔՀԿ-ները հնարավորություն ունեցան վերանայելու և բարելավելու իրենց ընթացիկ գործառնական ու ֆինանսական մոդելները և մշակված կամ լրամշակված բարելավման պլանների իրականացման նպատակով մասնակցեցին դրամաշնորհային մրցույթին: 

Միջոցառման հիմնական նպատակն էր ստորագրել ենթադրամաշնորհային պայմանագրեր այն 36 ՔՀԿ-ների հետ, որոնք ընտրվել էին «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար և իրականացնելու են կազմակերպական մոդելների բարելավմանն ուղղված ծրագրեր՝ առաջիկա 6-10 ամսվա ընթացքում։ 

Միջոցառմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, ծրագիրն իրականացնող գործընկերները, 36 դրամաշնորհառու ՔՀԿ-ների ղեկավարները և «STRIVE» ծրագրի թիմը։ Բացումը կատարեց Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և «STRIVE» ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը և խոսքը տրամադրեց պարոն Բրունո Մոնտարիոլին։

«Մենք սովորաբար խոշոր դրամաշնորհներ ենք տրամադրում մեծ, փորձառու ու կայացած կազմակերպությունների։ «STRIVE» ծրագիրը մեզ համար բացառիկ է, քանի որ այս ծրագրով փոքր չափի դրամաշնորհներ են տրամադրվում ավելի մեծ քանակի ՔՀԿ-ների՝ արմատապես ազդեցություն ունենալով հենց նրանց կարողությունների զարգացման վրա»,- իր խոսքում նշեց Բրունո Մոնտարիոլը։ 

Այնուհետև, ելույթներով հանդես եկան «STRIVE» ծրագրի տեղական գործընկերներ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանը և «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը։ 

Միջոցառման երկրորդ մասում բոլոր 36 ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և Կազմակերպական մոդելների ինովացիայի ռազմավարությունները:

«Մենք բոլորս մեր կազմակերպություններում մեր մասնագիտական գործը լավ իրականացնում ենք, սակայն աշխատանքի ընթացքում նկատում ենք, որ կազմակերպական բազմաթիվ հարցերում, ինչպիսիք են ընթացակարգերը, հաղորդակցությունը, ֆինանսական միջոցների ներգրավումը, թերանում ենք։ Այս ծրագիրը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ հնարավորություն է ընձեռում կարգավորելու հենց այս հարցերը և ավելի հզորանալու», - իր շնորհակալական խոսքում նշեց մասնակից ՔՀԿ-ներից մեկի  ղեկավարը։ 

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:


28 Օգոստոսի 2024, Չորեքշաբթի | 1530

Վերջին հրապարակումները